Իշխանութիւնները կրակի հետ են խաղում

Գրեց՝ Անահիտ Յարութիւնեան
«Անկախ Նորութիւն»

-Վերջերս մտածում էի, որ անկախութիւնից յետոյ երբեք մեր երկրում այսքան տեւական հանդարտ վիճակ չի եղել, աչքով տւեցի,ասաց նախկին գործընկերս, որին երկար տարիներ չէի հանդիպել (շարժման տարիներում նրա հետ, որպէս «Մաշտոց» միաւորման անդամ, պայքարում էի ռուսական դպրոցների դէմ): Մի ամբողջ կեանք պայքարեցի, անկախացումից ու «Լեզուի մասին» օրէնքն ընդունւելուց յետոյ շունչ քաշեցի ու մտածեցի, որ արդէն հանգիստ կարող եմ իմ գործով զբաղուել, ուր էր թէ, շարունակեց օրէնքի մէջ փոփոխութիւններ մտցնելու նախաձեռնութիւնից շփոթահար ու յուսահատ ծանօթս, ով կը մտածէր, որ այսքան տարի յետոյ, այսքան տարի յետոյ... Հիմա ինչ, նորից մի քանի տասնամեակ հետ շպրտուենք, ամէն ինչ նորից սկսենք:

Իրօք, որքան էլ իշխանութիւններին հլու-հնազանդ հեռուստաընկերութիւնները փորձեն սքողել հասարակութեան հակազդեցութիւնը, համացանցից եւ տպագիր լրատուամիջոցներից ակնյայտ երեւում է, որ վերջին շրջանում մեր հասարակութիւնը նման ցնցում չէր ապրել: Հազիւ թէ «Լեզուի մասին» օրէնքի փոփոխութիւնը նախաձեռնող պաշտօնատարների այս քայլը բացատրուի մեր հասարակութեան «քնած» կեանքին աշխուժութիւն հաղորդելու նկատառումով: Ամենայն հաւանականութեամբ, մի քանի «ընտրութիւններ» մարսած եւ Երեւանի պատմական շերտը հետեւողականօրէն վերացնող մեր պետական այրերը, որոնք, ինչպէս երեւում է, մշտապէս փայփայել են օտարալեզու դպրոցները վերակենդանացնելու փափաքը, մտածել են, որ մեր յոգնած ու յուսահատ հասարակութիւնում կարելի է իրականացնել նոյնիսկ այսպիսի հրէշաւոր նախաձեռնութիւն: Բայց ինչպէս դիպուկ նկատեցին երեք օր առաջ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում հաւաքուած մի խումբ մտաւորականներ, իշխանութիւնները լաւ չեն ճանաչում մեր ժողովրդին եւ ուղղակի կրակի հետ են խաղում:

Իրօք, շատ հակասական, նոյնիսկ տարօրինակ ժողովուրդ ենք եւ մեր պատմութեան ընթացքում մէկ անգամ չէ, որ խառնել ենք անգամ հզօր կայսրութիւնների խաղաքարտերը, չունենալով պետականութիւն, նրանց լծի տակ՝ այնուամենայնիւ ի դերեւ ենք հանել մեզ ուծացնելու նկրտումները: Նախանցեալ դարում, երբ աշխարհը գրեթէ համոզուած էր, որ ընդմիշտ հեռացել ենք թատերաբեմից, մեր մեծերը ազատագրուելու եւ անկախութիւն ձեռք բերելու ծրագրեր էին մտմտում՝ իրաւացիօրէն թիւ մէկ խնդիր համարելով մայրենի լեզուով կրթութիւնը: Պատահական չէ, որ ցարական կառավարութիւնը, տեսնելով հայութեան ինքնութեան պահպանման ճիգերը, անվստահելի տարր համարելով սեփական լեզուն ու դպրոցը պահպանող այլազգի ռուսահպատակներին, սաստկացրեց ճնշումներն ու գործի դրեց նրանց մտաւոր առաջընթացը խոչընդոտող մեքենան, որը հիմնականում ուղղուած էր դպրոցի եւ բարեգործական կազմակերպութիւնների դէմ:

1884 թ. ցարական կառավարութիւնը նոր կանոններ հաստատեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց՝ անսահմանափակ միջամտութեան լիազօրութիւններ տրուեցին վարչական մարմիններին, աւելին՝ արգելուեց տարրականից բարձր ազգային դպրոցների ինքնուրոյն գոյութիւնը: 1885 թ., ի պատասխան Էջմիածնի սինոդի մերժման, կառավարութիւնը փակեց շուրջ 300 հայկական դպրոց, մի տարի անց թոյլ տուեց վերաբացել դրանք, բայց նոր կանոններին ենթարկուելու պայմանով, 1897 թ., երբ պահանջեց հայկական դպրոցները եկեղեցու տնօրինութիւնից յանձնել արտգործնախարարութեանը, եւ դպրոցներն ընդվզեցին դրա դէմ, դարձեալ փակեց դրանք՝ այնուհետեւ եկեղեցուց բռնագրաւելով դրանց ունեցուածքը: Իսկ 1899 թ. բարեգործական ընկերութիւնները զրկուեցին կրթական-լուսաւորական աշխատանքի իրաւունքից: Բայց այս ամէնն էլ աւելի զօրացրեց ինքնութեան պահպանման կամքը:

Խորհրդային տարիներում կանգնած էինք օտարալեզու, ստոյգ՝ ռուսալեզու կրթութեան մարտահրաւէրի առջեւ, ռուսական դպրոցներում սովորողների թիւը վտանգաւոր չափերի էր հասել, չնայած դպրոցների ընդհանուր թուում ռուսականները շատ քիչ տոկոս էին կազմում: Բայց նոյն տարիներում, երբ Մոսկուան փորձեց բոլոր հանրապետութիւնների պետական լեզուն դարձնել ռուսերէնը, Հայաստանում եւ Վրաստանում ընդվզման աննախադէպ ալիք բարձրացաւ: Կոմունիստական իշխանութիւնը հետ քաշուեց:

1988-ին, Ղարաբաղեան շարժմանը զուգահեռ, հզօր թափ առաւ «Մաշտոց» միաւորման գործունէութիւնը, ռուսալեզու դպրոցների ղեկավարների ու սովորողների շրջանում լայնածաւալ քարոզչական-բացատրական աշխատանք էր տարուում: Եւ շարժման այս երկու թեւերի փոխազդեցութեան շնորհիւ էր նաեւ, որ հնարաւոր դարձաւ 1991-ին անկախութեան հռչակումը:

Բայց այսօր այսպիսի ծրագիր են առաջ քաշում ոչ թէ մեզ գաղութացնող տէրութիւնները, այլ սեփական իշխանութիւնները, աւելին՝ այն պաշտօնատարը, որի ձեռքում է մեր երեխաների կրթութեան գործի կազմակերպումը, մարդ, որը կարծում է, թէ աշխարհի հետ ազատօրէն հաղորդակցուելու համար պէտք է ոչ թէ լեզու սովորել, այլ օտարալեզու կրթութիւն ստանալ, որը կարծում է, թէ այդպիսով ոչ թէ ուրիշների մշակոյթն է հարստացնում, այլ մեր:

Այսպիսի քաղաքական գործիչներին ժամանակին շատ լաւ էր ճանաչում Վահան Տէրեանը՝ նրանց անուանելով «զօոլոգիական ազգասէրներ» եւ դեռ անցեալ դարասկզբում զգուշացնում էր, որ դրանց կենսունակութիւնը մշտական դամոկլեան սուր է լինելու մեր գլխին:

Բայց, ինչպէս ասում են՝ չկայ չարիք առանց բարիքի: Վերջապէս, մեր իշխանութիւնները հրապարակաւ, կրթութեան նախարարի շուրթերով խոստովանեցին, որ փառաւորապէս ձախողել են կրթութեան գործը, որ մեր դպրոցների մակարդակը հեռու է բաւարար լինելուց: Այսպիսի խոստովանութիւնից յետոյ նորմալ երկրներում հրաժարական են տալիս: Բայց քանի որ, կրկնում եմ, մենք շատ հետաքրքիր ու տարօրինակ ժողովուրդ ենք, այստեղ փորձում են կոծկել իրենց ապիկարութիւնը՝ հասարակութեան ուշադրութիւնը շեղելով այս վայ օրէնսդրական նախաձեռնութեամբ եւ անպտուղ բանավէճի մէջ ներքաշելով:

Հասարակութիւնը քննարկելու խնդիր չունի. եթէ որոշել ենք, որ ինքնիշխան պետութիւն ենք եւ պետական լեզու ունենք, ապա պէտք է ապահովենք պետական լեզուով կրթութիւն՝ այդ պետական լեզուով կրթութեան շրջագծում նկատի ունենալով նաեւ օտար լեզուների ուսուցումը:

Բայց հասարակութիւնը ուրիշ խնդիր ունի պարզելու եւ որոշակի ու յստակ պատասխան է ակնկալում իշխանութիւններից: Մեր երկիրը բազմաթիւ համաձայնագրեր է ստորագրել՝ պարտաւորուելով աստիճանաբար հասնել մեր երկրի քաղաքացիների մայրենի լեզուով կրթութիւն եւ դաստիարակութիւն ստանալու իրաւունքի լիակատար ապահովմանը: Թուարկենք ամենակարեւորները՝ Սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրաւունքների դաշնագիր, Երեխայի իրաւունքների մասին կոնուենցիա, Կրթութեան բնագաւառում խտրականութեան դէմ կոնուենցիա, Եւրոպական մշակութային կոնուենցիա, Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան մասին կոնուենցիա եւ այլն: Ինչ է զեկուցելու մեր երկիրն այդ պայմանագրերի իրականացումը վերահսկող մարմիններին, որ տապալել է ստանձնած ամենակարեւոր պարտաւորութիւններից մէկը: Եւ ինչպէս է բացատրելու այդ անգործութիւնը:

Կամ երկրի կառավարութիւնը, հիմնուելով «Լեզուի մասին» օրէնքի հիմնարար սկզբունքի վրայ, մի շարք ռազմավարական փաստաթղթեր է ընդունել, որոնց բովանդակած դրոյթները եւ տխրահռչակ օրէնսդրական նախաձեռնութիւնը հակասում են իրար: Օրինակ՝ «Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ռազմավարութիւնը» կամ «Հայաստանի Հանրապետութեան լեզուական քաղաքականութեան պետական ծրագիրը»: Առաջնին արդէն մանրամասն անդրադարձել է Արմէն Այվազեանը («Օտարալեզու դպրոցներն օրինականացնելու ՀՀ կառավարութեան նախաձեռնութիւնը հակասում է «ՀՀ ազգային անվտանգութեան ռազմավարութեան» դրոյթներին», 26.05.2010, տես նաեւ «Ankakh.am»-ում), ուստի անդրադառնանք երկրորդին: Նրա հիմադրոյթների շարքում յստակ նշուած է. «Հայերէնի՝ Հայաստանի Հանրապետութեան պետական լեզու լինելու իրողութիւնն արտացոլում է՝ իր պատմական հայրենիքում պետութիւն կերտող հայ ազգի ժողովրդագրական գերակշռութեան իրողութիւնը. հայոց ազգապահպան գործօնների շարքում մայրենի լեզուի վճռորոշ դերը. արդի գրական հայերէնի մշակուածութեան ու միջմշակութային մրցունակութեան բարձր աստիճանը. հոգեւոր ժառանգութիւնը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու, համայն հայութեան ազգային ինքնութիւնը եւ համազգային միասնականութեան գիտակցումը պահպանելու հայերէնի պատմականօրէն փաստուած կարողութիւնը»: Իսկ նպատակների շարքում նշուած է. «Պետութեան ինքնիշխանութեան ամրապնդման համար պետական լեզուի՝ հայերէնի փաստացի գերակայութեան ապահովումը հասարակական կեանքի բոլոր ոլորտներում՝ որպէս մեր երկրի ազգային անվտանգութեան գործօն: ՀՀ բոլոր քաղաքացիների՝ մայրենի լեզուով կրթութիւն եւ դաստիարակութիւն ստանալու իրաւունքի ապահովումը»: Այս նպատակներին հասնելու համար յստակ գործողութիւններ են նախատեսւած՝ սկսած գրական հայերէնի կանոնակարգումից, համակարգչային համացանցում հայերէնի լիածաւալ ներկայացման ապահովումից մինչեւ ուսումնական նոր ծրագրերի եւ հայալեզու դասագրքերի ստեղծումը: Ընդորում՝ իրականացման որոշակի ժամանակացոյցով: Այդ ծրագրի նպատակների շարքում, ի դէպ, առկայ է նաեւ ՀՀ քաղաքացիների օտար լեզուների իմացութեան բարելաւումը՝ հանրակրթական դպրոցներում օտար լեզուների խորացուած ուսուցման միջոցով:

Ուրեմն ինչ է ստացուում, այս իշխանութիւնների մի ձեռքը չգիտի, թէ միւսն ինչ է անում: Եթէ այսքան իրար հակասող փաստաթղթեր են ուզում ընդունել, ինչպէս պէտք է դրանք գոյակցեն: Եւ ով պէտք է պատասխան տայ մէկը չկատարելու եւ միւսը նախաձեռնելու համար:

Ամէն ինչից երեւում է, որ թէ՛ կրթութեան նախարարը, թէ՛ առհասարակ կառավարութիւնը գործում են «ինչ կուզենք՝ կանենք» սկզբունքով (վկայ կրթութեան նախարարի երէկուայ ասուլիսը, որ իր «բարեփոխուած» նախագծում նախատեսում է 15 օտարալեզու դպրոցի բացում)՝ պատասխանատուութեան դոյզն ինչ նշաններ չցուցաբերելով: Միթէ: Նման կառավարութիւնները չեն հարատեւում: Նոյնիսկ մեր երկրում: Պատմութիւնը ցոյց է տուել, որ ազգային դպրոցին ուղղուած իւրաքանչիւր ոտնձգութիւն յղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Ալիք, Թեհրան, 26 Մայիս 2010

26-05-2010