Հայեցի կրթութիւնը Սիրիայում եւ Իրանում

Գրեց՝ Ջիւլիեթա Գիւլամիրեան
Մանկավարժական Գիտութիւնների Դոկտոր Պրոֆեսոր

«Օտար գաղութներու մէջ, շրջապատի այլասերող եւ ապազգայնացնող հազար ու մեկ վտանգներու մէջ ինչպէ՞ս կրնայ սերունդը հայ ըլլալ եւ հոգիով հայ մնալ: Ո՞վ պէտք է կատարէ այս դերը...երկու միջոց կայ՝ դպրոց եւ գիրք, որոնք միայն կրնան փրկարար դեր կատարել, հայ մնալու պայքար մղել, հայ հոգիներու մէջ ազգային մակարդակը պատրաստել» (Լեւոն Շանթ, Համազգայինի հիմնադրութեան հանդէսի առթիւ արտասանաած ճառից, 28 Մայիս, 1928 թ.)

Սփիւռքահայ դպրոցն ու հայեցի կրթութիւնն անցել են մեղուաջան տքնութեան դժուարին ու երկար երթ՝ ժամանակների մարտահրաւէրներով լեցուն, հայակերտումի արդար ու յանդուգն ոգեշնչմամբ: Ճակատագրի կողմից հողմացրիւ տերեւների պէս աշխարհի չորս դին նետուած բազմահազար հայերը օտար հողում արմատներ գցեցին, պտուղներ տուեցին: Այդ պտուղները, թէեւ օտարընկալ էին, սակայն նրանց բոյրը տարածուեց այն ափերում, ուր ծուարեց հայը՝ շուրթերին պահելով հայապահպանման երեք կռուանների մասին յաւիտեան անփոփոխ սրբազան երդումը.

1- Պահպանել հայ ընտանիքը՝ ցեղի զտարիւնութիւնը,
2- Պահպանել հայ լեզուն՝ ազգի միաձուլութիւնը,
3- Համախմբուել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ՝ որպէս օտար ազդեցութիւններից պաշտպանուելու անփոխարինելի վահան:

Հաւատարիմ մնալով ազգապահպանման այս երդումին՝ սփիւռքահայութիւնը աշխարհում վաստակեց բարի համբաւ ու հեղինակութիւն... Այն ձեռք բերուեց միայն ազնիւ պայքարով:...Եւ որովհետեւ քաղաքական դաշտում հայերը ինքնադրսեւորման հնարաւորութիւն չունէին, պայքար տարան մշակութային ճակատում: Հիմնեցին կրթական հաստատութիւններ, մշակութային եւ ազգային արժէքներով կրթեցին խանդավառ մի սերունդ, որը շարունակեց պայքարը գաղութից գաղութ: Հայերը վաստակեցին օտար հողում ապրելու իրաւունքն իրենց աշխատասիրութեամբ, իրենց հիւրընկալած երկրի ժողովրդի հանդէպ հաւատարմութեամբ, մատաղ սերնդի դաստիարակութեան նկատմամբ խստապահանջութեամբ, աւանդապահութեամբ, սեփական արմատների եւ յիշողութիւնների մեծարմամբ, ազգին եւ ընտանիքին աղջիկների ու կանանց նուիրուածութեամբ, տղամարդկանց հպարտութեամբ եւ արժանապատւութեամբ: Այս ամէնից յետոյ դու էլ ես հիանում հայ մարդկանց ազգասիրութեամբ, ազգային կրթութեան եւ մշակոյթի զարգացման նկատմամբ դրսեւորուած մեծ եռանդով, մասնաւորապէս, դրանց արժէքները նոր սերնդի մէջ սերմանելու եւ խոր արմատներ գցելու ուղղութեամբ հայ մարդու բոլորանուէր գործունէութեամբ:

Ասուածը վերաբերում է Սփիւռք անուանուած ողջ աշխարհատարածքին, սակայն մենք կանգ առնենք մասնաւորապէս Սիրիայի եւ Իրանի հայահոծ գաղութներում ծաւալուած կրթական շարժմանը, քանզի այդ հատուածին մենք առաւել մօտիկից ենք ծանօթ, աւելին՝ մասնակիցն ենք դրա առաջընթաց քայլերին: Թէ՛ Իրանի, թէ՛ Սիրիայի հայ գաղութներում ապրող հայերի համազգային ալեբախումի ոգին մեկ սիրտ, մեկ հոգի է դարձրել հայ զանգուածներին հայ մնալու համար պայքաում հայեցի կրթութիւն ծաւալելուն միտուած անսանձ ոգեւորութիւնը, որը մեր արեան կանչն է, մեր հայ մնալու միակ ու անփոխարինելի գաղտնիքը: Նշուած գաղութներում գործող պարային եւ երգչախմբային համոյթները, արուեստի ակադեմիաները, բազմաթիւ թատերական միութիւները, Հայաստանից մասնագէտների հրաւէրն ու նրանց գործունէութեան նկատմամբ ցուցաբերուած պահանջկոտ, հոգատար եւ գնահատող վերաբերմունքը հաւաստում են սեփական ժողովրդին հայ պահելու, կրթելու, զարգացնելու, դէպի Հայաստան նրանց հայեացքն ուղղելու, դէպի սեփական արմատները տանելու, մանուկ հասակից հայի համար յստակեցնելու՝ որտեղից է գալիս ինքը, ովքեր են իր արմատները, ուր պիտի գնայ ինքը եւ այդ ամէնի արդիւնքում համոզուելու, որ իր դիմագիծն ամբողջացնողը ոգեղէն հայրենիքն է: Այս կարեւոր հայապահպան նկրտումների լուծման համար Թեհրանի թեմի եւ Բերիոյ թեմի Ազգային Առաջնորդարանների որոշմամբ եւ նրանց հայրենասէր Առաջնորդների բարձր հովանաւորութեամբ Առաջնորդարաններն իրենց շուրջն են հաւաքել ազգասէր կրթութեան եւ մշակոյթի ջատագովների եւ անտրտունջ, առանց դժուարութիւնների դէմ ընկըրկելու՝ ամէն ինչ անում են հայոց գիրն ու գրականութիւնը մանուկների շունչը դարձնելու համար:

Այսօր սփիւռքահայ կրթական համակարգն ունի երկու կարեւոր խնդիր.

ա) ապահովել իր մայրենի լեզուին տիրապետող հայ երիտասարդութիւն՝ իբրեւ ազգապահպանման կարեւորագոյն գործօն,

բ) իրականացնել հայեցի, ազգային դաստիարակութիւն՝ իբրեւ հայրենասիրութեան, ազգի անկախութեան ապահովման եւ ուծացումից խուսափելու հիմնական գործօն:

Երկուսն էլ չափազանց կարեւոր խնդիրներ են, որոնց լուծման ճանապարհին թոյլտուած իւրաքանչիւր փոքր-ինչ տատանում, կարող է անդառնալի կորուստների յանգեցնել: Հպարտութեամբ պիտի ասել, որ գաղութների հայ մնալու գաղտնիքն այս խնդիրները լուծող պատասխանատուների գործունէութեան նախանձախնդրութեան եւ բարեխղճութեան մէջ է նաեւ:

Թէ՛ իրանահայ, թէ՛ սիրիահայ ծնողական հասարակութիւնն այս երկու կարեւոր խնդիրներին աւելացնում է երրորդը՝ սեփական երեխաների ապագայի խնդիրը, օտար հողի վրայ ապրելու, որեւէ մասնագիտութիւն ձեռք բերելու, անպայման համալսարանական կրթութիւն ստանալու այդ երկրում գործող համակարգում: Դժբախտաբար, համալսարանական կրթութիւն ստանալու Սիրիայում գործող համակարգը (մասնագիտութեան ընտրութիւնը պայմանաւոր է ճեմարանի աւարտական քննութիւնների ժամանակ շրջանաւարտների հաւաքած նիշերի քանակով) խեղաթիւրում է նաեւ ուսման նկատմամբ վերաբերմունքի հիմքը. այն դառնում է ոչ թէ գիտելիքը, այլ հաւաքած կամ ստացած նիշը:

Ազգային Առաջնորդարաններն ու Համազգայինի վարչութիւնները, ազգի կրթութեամբ ու դաստիարակութեամբ զբաղող բոլոր օղակները Հայաստանի Հանրապետութեան ԿԳ նախարարութեան բազմաբնոյթ եւ բոլորանուէր գործունէութեամբ փորձում են ելք գտնել այս վիճակից՝ միաժամանակ աշխատանք տանելով մի քանի ուղղութիւններով: Սրանց մէջ ամենակարեւորը մանկավարժական ներուժի պատրաստումը եւ վերապատրաստումն է ինչպէս տուեալ երկրում, այնպէս էլ հայրենիքում: Նշենք, որ այս խնդիրների ընթացքին երկու երկրների կառավարութիւնները ոչ միայն չեն խոչընդոտում, այլեւ ցանկացած հարց, որով ազգային Առաջնորդարանները ներկայանում են կառավարութիւններին, լուծւում է անվերապահօրէն, անքննելի մօտեցմամբ:

Ուսուցիչների պատրաստման գործում լուրջ դերակատարութիւն ունեն Համազգայինի՝ Հալեպում եւ Թեհրանում գործող հայագիտական ուսումնական հաստատութիւնները, որոնց ուսանողները ճեմարանի շրջանաւարտներն են: Քառամեայ այս դասընթացքներում դասաւանդող հայրենասէր եւ իրենց գործին գիտակ հայագէտներն ամէն ինչ անում են հայոց գանձերը երիտասարդ սերունդին փոխանցելու համար, իսկ մանկավարժական, հոգեբանական դասընթացները հիմնականում վարում են Հայաստանից հրաւիրուած մասնագէտները: Այս հաստատութեան ուսումնական ծրագրում նախատեսուած են նաեւ մատենագիտութիւն, պատմութիւն, գրաբար, հայ ժողովրդի պատմութիւն, որոնց դասաւանդող մասնագէտները Սփիւռքում ճանաչուած եւ բարի համբաւ ունեցող գիտնականներն են, որոնք իրենց ուսերին են տանում գաղութների մշակութային կեանքը: Ինչպէս Սփիւռքի շատ գաղութներ, այնպէս էլ սիրիահայ եւ իրանահայ գաղութներն անվարան են իրենց ընտրած արժէքների մէջ, այդ արժէքները պահպանող եւ կրթող սերունդի դաստիարակութեան գործում որդեգրուած մօտեցումների մէջ:

Կարեւորելով ազգային կրթութիւնը, հայեցի հոգեկերտուածքի եւ հայեցի մտածողութեան ձեւաւորումը՝ նշուած համայքների Ազգային Առաջնորդարանների որոշմամբ մատաղ սերնդի պարտադիր կրթութիւնն ու դաստիարակութիւնն սկսւում է երեք տարեկանից. բոլոր երեք տարեկան հայ երեխաներն ընդգրկուած են պարտադիր կրթութեան մէջ, որն իրականացւում է մանկապարտէզում: Դրանք գործում են ազգային դպրոցների ներսում (նրա մի մասն են կազմում), սակայն ունեն առանձին, ինչպէս իրենք են ասում, մանկապարտիզպանուհի: Մանկապարտէզներն ունեն երեք խումբ՝ «Բողբոջ» (3–4 տարեկաններ), «Կոկոն» (4–5 տարեկաններ) եւ «Ծաղիկ» (5–6 տարեկաններ): «Բողբոջ» դասարանում տնային աշխատանք չի տրւում, իսկ «Կոկոն» եւ «Ծաղիկ» դասարաններում՝ տրւում են: «Բողբոջ» դասարանի երեխաների մեծ մասի խօսքը դեռեւս ձեւաւորուած չէ. այդ դասարանում աշխատանքներ են տարւում երեխաներին հայերէն խօսել սովորեցնելու, մտածելու, ինչպէս նաեւ մտաւոր գեղագիտական դաստիարակութեան ուղղութեամբ: Մանկապարտէզն իր աշխատանքն սկսում է առաւօտեան իննին եւ աւարտում ժամը 12:30-ին: Յատուկ հանրակառքերն ամէն առաւօտ տուներից հաւաքում են երեխաներին եւ կէսօրին բոլորին հասցնում իրենց ծնողներին: Ազգային Առաջնորդարանի հովանաւորութեամբ Հալեպում գործում են հինգ նախակրթարաններ (որոնց կազմի մէջ մտնում են մանկապարտէզը եւ 1–6-րդ դասարանները), որոնք կրում են ճանաչուած հայրենասէր մտաւորականների անունները՝ Զաւարեան, Կիւլպենկեան, Սահակեան, Մեսրոպեան եւ Հայկազեան:

Եւ այսպէս, հայ երեխաների կրթութեան հիմնաքարը դրւում է մանկապարտէզում: Անքննելի եւ բոլորի համար ընդունելի է ազգի այս որոշումը, քանզի մինչեւ դպրոց գնալը երեխաների պիտի սովորեն հայերէն խօսել, մտածել, կարդալ, գրել. առաջին դասարանից սկսում է ոչ միայն տուեալ երկրի լեզուի ուսուցումը, այլեւ ուսումնական ծրագրով նախատեսուած բոլոր առարկաները դասաւանդւում են այդ լեզուով: Այսինքն, դպրոցը հայկական է, որովհետեւ շաբաթուայ մէջ 4-5 ժամ հայերէն են անցընում, դպրոցում սովորում են հիմնականում հայ երեխաներ, դասաւանդում են հայ ուսուցիչներ եւ արաբ կամ պարսիկ տնօրէնի կողքին կայ նաեւ հայ տնօրէն: Ուրեմն, հասկնալի է, որ երեխաները մանկապարտէզում պիտի մայրենի լեզուով գրաճանաչ դառնան, որպէսզի յետոյ սովորեն այդ երկրի լեզուն:

Մանկապարտէզի «Ծաղիկ» դասարանի շրջանաւարտները, որոնք 6 տարեկան են կամ մի փոքր աւելի, փոխադրւում են առաջին դասարան հիմնականում գրաճանաչ: Գրեթէ 30 տարի է երեխաներին Սիրիայում փորձում են գրաճանաչ դարձնել, ինչպէս իրենք են ասում, «գոց մեթոդով» (գոց բառն արեւմտահայերէնում նշանակում է փակ): Այսինքն, երեխաները կարդալ են սովորում «փակ գրքերի» միջոցով, առանց տառերը ճանաչելու: Գոց ասել բանաստեղծութիւնը կամ որեւէ նիւթ նշանակում է այն անգիր ասել: Ուրեմն, ըստ այս մեթոդի՝ երեխաներն այնքան պիտի բառը «գոց» կրկնեն, մինչեւ բառապատկերը մտապահեն՝ առանց նրա կազմի մէջ մտնող տառերը ճանաչելու: Այս մեթոդն առաջին հերթին ձեւաւորում է ոչ թէ մտածող, ճանաչողութեան ուղին ինքուրոյն անցնող եւ դժուարութիւններն ինքուրոյն յաղթահարելու ունակ երեխաներ, այլ ուրիշի դատողութիւնները կրկնող, իր ուղին անպայման մեկի ձեռքը բռնած անցնելու պատրաստ փոքրիկներ: Իսկ այդ փոքրիկներից շատերը հրաշամանուկներ են, պատրաստ են սովորելու, ինքուրոյն դատողութիւններ անելու, սակայն պատճառով այս մեթոդի՝ «գոցւում են» նրանց ուղեղները, մտածողութիւնը, դէպի երեւակայութեան, ստեղծագործութեան ուղին տանող ճանապարհը: Եւ այսպէս, երեխաներն անգիր են անում այն, ինչ պիտի հասկանան եւ յիշեն, մեխանիկօրէն վերարտադրում են՝ առանց թափանցելու ընթերցածի իմաստի, գաղափարի, ենթատեքստի, հիմնական մտքի մէջ: Կարդալու կարողութեան ձեւաւորման համար նախատեսուած են երկու դասագրքեր՝ «Փոքրիկ Անին» եւ «Պետիկն ու գայլը», որոնք, սակայն, չեն բաւարարում հոգեբանամանկավարժական եւ մեթոդական որեւէ պահանջի:

Բարեբախտաբար, թէ՛դասագրքերը, թէ՛ կիրառուող մեթոդը 2007-2008 ուսումնական տարուանից կը դառնան պատմութիւն, քանզի Բերիոյ թեմի Ազգային Առաջնորդարանի որոշմամբ եւ Սրբազանի բարձր հովանաւորութեամբ 2006-2007 ուսումնական տարուայ ընթացքում մանկապարտէզի երեք խմբերի համար մեր անմիջական մասնակցութեամբ եւ ղեկավարութեամբ ստեղծուեցին դասագրքեր, մեթոդական ուղեցոյցներ եւ ուսումնաօժանդակ նիւթեր, որոնք աստիճանաբար մտնում են գործածութեան մէջ:

Եւ այսպէս, մանկապարտէզից յետոյ երեխաները փոխադրւում են դպրոց (ինչպէս ասացինք, դպրոցն ու մանկապարտէզը միասին են), ուր սովորում են մինչեւ վեցերորդ դասարան:

Նախակրթարանի 1–6-րդ դասարաններում հայոց լեզուն եւ գրականութիւնը երեխաները սովորում են Հայաստանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի շրջանաւարտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Յակոբ Չոլաքեանի դասագրքերով, որոնք լուրջ քայլ են սփիւռքահայ դպրոցի կեանքում: Այս դասագրքերով հայոց լեզուի ուսուցումն իրականացւում է բացատրական ընթերցանութեան մեթոդով՝ պահպանելով մեթոդի բոլոր բաղադրամասերը: Հայոց լեզուի քերականութիւնից երեխաների ձեռքբերած գիտելիքները կարողութիւնների վերածելու, ուսուցումն առաւել արդիւնաւետ դարձնելու նպատակով ստեղծուել են աշխատանքային տետրեր՝ տարաբնոյթ լեզուական վարժութիւնների համակարգով (հեղինակ՝ Յ. Չոլաքեան):

Դասագրքերով եւ աշխատանքային տետրերով արդիւնաւետ աշխատելու համար հեղինակը մշակել է նաեւ բաւականին ծաւալուն մեթոդական ցուցումներ, օգնելով ուսուցիչներին յաղթահարելու այն դժուարութիւնները, որոնք ծագել են ուսուցիչների մեծ մասի առջեւ առաւելապես մասնագիտական բաձրագոյն կրթութիւն չունենալու պատճառով (Սիրիայի կրթութեան նախարարութիւնը թոյլատրում է 1–6-րդ դասարաներում հայերէնը դասաւանդել նաեւ բարձրագոյն մասնագիտական կրթութիւն չունեցողներին):

Ի տարբերութիւն Սիրիայի՝ Իրանի հայկական դպրոցներում կրթութեան լեզուն արեւելահայերէնն է՝ դասական ուղղագրութեամբ: Բազմաթիւ հանգամանքներով պայմանաւոր՝ իրանահայութիւնն առաւել վաղ սկսեց կրթամշակութային կապեր հաստատել Հայաստանի հետ, եւ թէ՛ ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման, թէ՛ ուսումնական ծրագրերի եւ դասագրերի ստեղծման իմաստով այս գաղութն անցել է բաւականին լուրջ ճանապարհ: Իրանահայ դպրոցն այսօր ապահովուած է հայոց լեզուի եւ գրականութեան ժամանակակից մեթոդներով ստեղծուած բոլոր դասագրքերով, որոնք արդէն երրորդ ուսումնական տարին է, որ ներդրուած են մանկապարտէզներում եւ դպրոցներում: Այս դասագրքերը եւս ստեղծուեցին Հայաստանի մասնագէտների հետ համագործակցութեամբ. Դասագրքերի ստեղծման գործում ներգրաւուեցին նաեւ Թեհրանի հայկական դպրոցների մի խումբ շնորհալի ուսուցիչներ, որոնց մասնակցութեան շնորհիւ դասագրքերը ձեռք բերեցին տեղի պայմաններին, իրանահայ երեխաների հոգեկերտուածքին եւ մտաւոր կարողութիւններին համապատասխանութիւն: Կարեւորում ենք նշել, որ այս դասագրքերն այսօր սփռուել են աշխարհով մեկ, ուր ապրում են պարսկահայեր եւ իրենց երեխաներին շարունակում են սովորեցնել պարսկահայերին հարազատ քաղցրահունչ արեւելահայերէնը:

Հայոց լեզուն եւ գրականութիւնը երկու երկրների պետական ուսումնական ծրագրերում էլ նախատեսուած չեն: Մայրենի լեզուն ուսուցանւում է որպէս կրօնի լեզու, որպէս քրիստոնէական դաստիարակութեան միջոց. այլ կերպ ինչպէ՞ս երեխաները կարդան Աստուածաշունչն ու Աւետարանը: Պետութիւնների առջեւ հենց այսպիսի հիմնաւորմամբ էլ հայոց լեզուն ուսումնասիրելու իրաւունք է ձեռքբերուած:

Չնայած մեթոդական իմաստով գործող դասագրքերի բաւականին կատարելագործմանը՝ երեխաների մեծ մասը մինչեւ 6-րդ դասարան այդպէս էլ դժուարանում է սահուն, հասկանալով եւ արտայայտիչ կարդալ, որովհետեւ դասաժամերը քիչ են, դասագործընթացում գործադրուող մեթոդներն անկատար եւ մայրենի լեզուի հետ արտադպրոցական շփումները՝ սահմանափակ: Սակայն, հայ ընտանիքների բոլոր երեխաները, նաեւ նրանց ծնողներն անխտիր խօսում են հայերէն: Վերջին տարիներին հայ ընտանիքների մեծ մասն արբանեակային կապի միջոցով օգտւում է նաեւ Հայաստանի «Հ-1» եւ «Արմենիա» հեռուստաալիքներից: Այս հանգամանքը ոչ միայն նպաստում է հայոց լեզուի նկատմամբ հետաքրքրութեան ձեւաւորմանը, այլեւ արեւելահայ լեզուն հասկանալուն եւ ընդունելուն: Բազմաթիւ հայեր աստիճանաբար սկսում են հասկանալ արեւելահայերէնը եւ հայաստանցիների հետ խօսել արեւելահայերէն: Աւելին՝ երիտասարդ սերունդի մէջ արդէն շատերը արեւելահայ գրականութիւն եւ մամուլ են ընթերցում, իսկ Պարսկաստանի համար վերջին տարիներին այն երբէք դժուարութիւն չի ներկայացրել:

Նախակրթարանի 6-րդ դասարանն աւարտած բոլոր երեխաները պարտադիր փոխադրւում են ճեմարան: Նշենք, որ Հալեպում բացի ազգային հինգ դպրոցներից, որոնց մասին վերն ասուեց, գործում են նաեւ բազմաթիւ այլ հայկական դպրոցներ, որոնց հովանաւորում են տարբեր մշակութային միութիւններ եւ եկեղեցիներ: Օրինակ Հայ Բարեգործական Միութիւնն ունի իր Լազար Նաճարեան-Կիւլպենկեան դպրոցը՝ բազմաքանակ աշակերտներով եւ իր ճեմարանը: Այլ է կրթական գործի վիճակը իրանահայ գաղութում: Միայն Հալեպն ունի երեք ճեմարան: Այս ճեմարաններում իրենց ուսումն են շարունակում նաեւ Սիրիայի այլ քաղաքների հայկական նախակրթարանների շրջանաւարտները:

Թէ՛ Իրանի, թէ՛ Սիրիայի բոլոր հայկական ուսումնական հաստատութիւներում աւանդոյթ են դարձել ոչ միայն գրական մրցոյթները, հայոց լեզուի գրականութեան իմացութեանը նպաստող բազմաբնոյթ միջոցառումները, ասմունքն ու թատրոնը, այլեւ իբրեւ ազգային հոգեկերտուածքի ձեւաւորման, հայակերտումի, ազգային արժէքների փոխանցման եւ պահպանման կարեւոր ու արդիւնաւետ հնար օգտագործւում են ազգային ու քրիստոնէական տօներն ու ծիսակատարութիւններ՝ դրանք վերածելով շքեղ համազգային տօնահանդէսների, որոնց ականատես միւս ժողովուրդները ոչ միայն նախանձում են, այլեւ դրանք դառնում են մեր դարաւոր ազգի պատմութեան ու մշակոյթի ներկայացման իւրատեսակ մնայուն յուշարձաններ: Այսպէս, պարտադիր եւ մեծ շուքով նշւում են Թարգմանչաց տօնը, Սուրբ Սարգիսը, Տեառնընդառաջը, Զատիկը, Համբարձումը, Մայրութեան եւ սիրոյ տօնը եւ այլն: Այս օրերին հայաբնակ թաղերի փողոցները լցւում են տօնական հագնուած, ծաղիկներով, փուչիկներով, վառուող մոմերով ու ջահերով, մի խօսքով, իւրաքանչիւր տօնի յարիր պարագաներով «զինուած» հայերով: Օրինակ, Հալեպը պիտի տեսնել Զատիկի եւ Սուրբ Ծննդեան օրերին. ամբողջ քաղաքը շնչում է քրիստոնէական արարողութիւններով: Սուրբ Ծննդեան օրերը յայտարարում են մուսուլմանական հողում քրիստոնեաների ձեռք բերած յարգանքի, ինքնադրսեւորուած եւ ինքնահաստատուած լինելու մասին: Ի դէպ՝ Սիրիայում հայերն այդ տօնը նշում են քրիստոնեայ արաբների հետ միասին: Դեկտեմբերի 1-ից բոլոր բաց պատշգամները ծածկւում են բառացիօրէն լուսեղէն վարագոյրներով, պատշգամից դուրս կախուած շքեղ զարդարուած, լուսաթաթախ տօնածառերով, իւրաքանչիւր հայի պատշգամի վերեւում գունեղ լամպերով գրուած է՝ «Շնորհաւոր Սուրբ Ծնունդ»: Իւրաքանչիւր տուն, շէնք, առանձնատուն շքապատշգամի իր զարդարանքով յայտարարում է՝ «այստեղ հայ է ապրում»: Քրիստոնեաների Սուրբ ծնունդը շնորհաւորում են նաեւ Սիրիայի եւ Իրանի կառավարութիւնները, իսկ կրօնական ոլորտի մեծերը այցելում են Ազգային Առաջնորդարան՝ շնորհաւորելու ծննդեան տօների առթիւ: Ցաւօք, այդպիսի ազատութիւն չունեն Իրանում ապրող հայերը՝ պայմանաւորուած այդ երկրի կրօնական կանոններով:

Այսպիսով, հայեցի դաստիարակութեան եւ կրթութեան խնդիրները լուծւում են ոչ միայն դպրոցի միջոցով:

Հայրենասիրական այս պոռթկումի մէջ անգնահատելի է Հայ Եկեղեցու դերը, որն իր շուրջն է հաւաքել ազգասէր, կրթութեան եւ մշակոյթի ջատագովներին ու առաջնորդում է նրանց սիրով, հոգով ու հաւատով: Այս ազգանուէր գործում բացառիկ հերոսական գործունէութիւն են ծաւալում ինչպէս հայ ուսուցիչները, որոնք մանուկների շունչն են դարձնում հայոց գիրն ու գրականութիւնը, հայ մշակոյթն ու հայոց պատմութիւնը, այնպէս էլ այս պատասխանատու գործին լծուած բժիշկներն ու գործարարները, հայագէտներն ու դերձակները, մայրիկներն ու հայրիկները: Մեկ վայրկեան իսկ կասկածի չես ենթարկում այդ հաւատի ու իրականութեան ընթացքի յաղթանակը: Առաւել վստահ են իրենք՝ հայերը, որովհետեւ կրթութիւնը, մասնաւորապէս, հայեցի կրթութիւնը, համարելով ժամանակի եւ համաշխարհայնացման մարտահրաւէրները դիմակայելու միակ միջոցը՝ նրանք հայակերտումի լուծման հիմքը գցել են կրթութիւն կոչուող ժայռի վրայ:

Աստուածաշնչի մէջ ժայռ բառն իր բուն առարկայական իմաստից բացի խորհրդանշական իմաստ ունի. այն հոմանիշ է հաւատի, տոկունութեան ու կամքի, յամառութեան եւ հաւատարմութեան: Սփիւռքահայերը լաւ գիտեն «ժայռ» բառի բառարանային յօդուածից դուրս իմաստները, եւ նրանց պէտք չէ յիշեցնել Քրիստոսի խօսքերը. «Այն, որ իմ այս խօսքերս կը լսէ եւ կը գործադրէ զանոնք, կը նմանի այն իմաստուն մարդուն, որ իր տունը ժայռի վրայ կը շինէ: Անձրեւները կու գան, գետերը կը յորդին, հովերը կը փչեն եւ կը զարնուին տան. բայց տունը չի կործանիր, որովհետեւ ժայռի վրայ հաստատուած է: Իսկ ով որ իմ այս խօսքերս լսէ, բայց չի գործադրեր, անոնք պիտի նմանին այն յիմար մարդուն, որ իր տունը աւազի վրայ կը շինէ: Անձրեւները կու գան, գետերը կը յորդին, հովերը կը փչեն եւ կը զարնուին տան, եւ տունը կը կործանի: Եւ ի՜նչ ահաւոր կ’ըլլայ այդ տան կործանումը» (Մտ. 7.24–27):

Եւ առաջնորդուելով այս խօսքերով՝ ինչպէս Սփիւռքի բոլոր գաղութներում, այնպէս էլ Սիրիայի արաբական եւ Իրանի իսլամական հանրապետութիւններում, մեր ազգի տունը մնաց կանգուն, որովհետեւ այն հիմնուեց մատաղ սերնդի հայեցի կրթութեան վրայ:

ԴԵԿՏԵՄԲԵՐ 2009
«ԳԱՆՁԱՍԱՐ»

21-01-2010